Ռուսաստանի նպատակն այն է, որ Հայաստանից եւ այլ երկրներից եկած ներգաղթյալներն աստիճանաբար «ռուսանան»: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողներին հայտնել է հրապարակախոս, ՀՀ աշխատանքի նախկին փոխնախարար Կարիեն Հակոբյանը:

Նրա կարծիքով, Ռուսաստանը վաղուց է իր ժողովրդագրական խնդիրներն այդ ճանապարհով լուծել:

«Հիմա էլ են ուզում արտասահմանից լավագույններին կանչել: Լավագույն, ասել է թե` ամենաաշխատասեր եւ օրինապահ»,-հավելել է Հակոբյանը:

Սակայն հրապարակախոսը գտնում է, որ կարիք չկա հանձին Ռուսաստանի` իր շահերից բխող քայլեր ձեռնարկելու համար, թշնամու տեսնել: Դրա փոխարեն Հայաստանը պետք է տնտեսության, այդ թվում նաեւ` գյուղատնտեսության զարգացման քաղաքականություն կյանքի կոչի, եւ ոչ թե` իր գյուղերը վերացնի: Հենց այդ ժամանակ մարդիկ էլ չեն գնա: Հիմա գյուղերը դատարկվում են, իսկ նախարարները` մեդալ ստանում»,- հայտարարել է նախկին փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսերեն լեզվին ազատ տիրապետող եւ ժամանակակից ՌԴ սահմաններում` ԽՍՀՄ կամ Ռուսական կայսրության տարածքում բնակված կամ բնակվող հայրենակիցներին պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելու մասին օրենք էր ստորագրել: