Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Կարեն Ճշմարիտյանի նախարարներ նշանակվելուց  հետո Աժ պետաիրավական հանձնաժողովում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում թափուր տեղեր են առաջացել: Ամենաքննարկվողը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի հարցն է, այդ երկու պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը, ով այժմ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է: Վերոնշյալ երկու պաշտոններում նշանակումները կախված են ԱԺ նախագահի թեկնածուից, ինչպես նաեւ այլ պատգամավորների գործադիր մարմնում նշանակումներից:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝  եթե ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գնա ԱԺ նախագահի պաշտոնին, ապա խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուներից մեկը խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն է, մյուս հավանական թեկնածուն Գագիկ Մելիքյանն է: Եթե Հովհաննես Սահակյանը չդառնա խմբակցության ղեկավար, քննարկվում է նրա՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ դառնալու հարցը: Այս տեղեկությունների հետ կապված պատգամավորը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են, առայժմ որեւէ բան չի քննարկվել: Նա կարծիք հայտնեց, որ թե խմբակցության ղեկավարի, թե պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարների հարցը կքննարկվի այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստին, եւ ինչ որոշում որ կայացվի, դա կլինի ամենահավաստին:

Նախարարներ դարձած Կարեն Ճշմարիտյանը եւ Դավիթ Հարությունյանը այս հանձնաժողովից էին, հետեւաբար ենթադրվում է, որ պետաիրավական հանձնաժողովը պետք է համալրվի եւս 2 ՀՀԿ-ականով: Իսկ թե ովքեր կընդգրկվեն այս հանձնաժողովում, դեռ հայտնի չէ, խնդիրն այն է, որ Հանրապետական խմբակցության իրավաբան պատգամավորները արդեն հանձնաժողովի անդամ են, այլ իրավաբաններ կարծես չկան:  «Պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովը գլխամասային կարեւոր հանձնաժողով է, այստեղ համալրումը անհրաժեշտ է այնպիսի պատգամավորներով, որոնք ինչ-որ չափով հանձնաժողովի բեռը կվերցնեն իրենց ուսերին: Ամենայն հավանականությամբ՝ երկուշաբթի խմբակցությունում կքննարկվի այդ հարցը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Ի դեպ, եթե նա նշանակվի ՀՀԿ խմբակցության ղեկավար, ապա NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի հավանական թեկնածուն ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Նրա անունը քննարկվում է նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար դառնալու թեկնածուների մեջ: Մեր տեղեկություններով՝ Արփինե Հովհաննիսյանը չի ցանկանում զբաղեցնել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնը, ավելի հավանական է հանձնաժողովի ղեկավար դառնալը: Այս տեղեկությունների շուրջ պատգամավորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ նա գտնվում էր արտերկրում:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը, ապա NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ այդտեղ Դավիթ Հարությունյանին կփոխարինի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նախկինում եւս այդ պատվիրակության անդամ է եղել: Հնարավոր է հենց նա էլ ստանձնի ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնը: Քննարկվում է նաեւ ԵԽԽՎ պատվիրակությունում ՀՅԴ  ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ պատվիրակության ղեկավար դառնալու տարբերակը: