Երկու օր առաջ երեկոյան ուժեղ քամու հետևանքով գրեթե ամբողջությամբ պոկվել են Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի հանդիսությունների սրահի և մարզադահլիճի տարածքի տանիքը: Դպրոցի տնօրեն Արևիկ Նահապետյանը պատմել է, որ ահազանգը ստանալուն պես անմիջապես գնացել են դպրոց:

Տնօրենի պատմելով՝ քամին այնքան ուժգին է եղել, որ պոկել է ոչ միայն 7 մետրանոց թիթեղները, այլև դրան ամրացված փայտերը.

«Պահակն ասում է՝ թիթեղը տերևի նման պտտվում էր օդում»,- NEWS.am-ին պատմեց Արեւիկ Նահապետյանը՝ ավելացնելով, որ այդ տարածքի ներսի կողմից դպրոցը բարձրակարգ վերանորոգված է, և եթե անձրև գա, այդ ամբողջ աշխատանքը կփչանա:

Արձանագրությունն արդեն կազմվել է և ուղարկվել մարզպետարան։ Ըստ նախնական հաշվարկների, վնասի չափը կազմել է շուրջ 5 մլն դրամ։