Հայաստանում կառավարության բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկին հարցին, թե ինչ ակնկալիքներ կան նոր կառավարությունից:
«Կառավարությունը մի մարմին է, որը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության կողմից: Այս իմաստով կառավարության փոփոխություն տեղի չի ունեցել։ Կա խորհրդարանական մեծամասնություն (մի կողմ թողնենք, թե ինչպես է այդ մեծամասնությունը ձեւավորվել), այդ մեծամասնությունը ձեւավորել է կառավարություն»,- նշել է Փաշինյանն ու հավելել. «Ինձ համար որպես քաղաքացի, որպես քաղաքական գործչի, կառավարության փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն կա գործատու, եւ ինքը նշանակել է իր կառավարությունը: Ի՞նչ ակնկալիքներ պիտի ունենանք այդ խորհրդարանական մեծամասնությունից՝ ՀՀԿ-ից»:
Խոսելով անհատների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հովիկ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ի՞նչ է, նրան ուրիշ տեղից են բերե՞լ: Նա իշխանության առանցքային դեմքերից մեկն է, եղել է Սերժ Սարգսյանի շտաբի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը օրվա իրավիճակի առանցքային կերտողներից է, եւ կարծում եմ՝ կառավարության բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել: Ուղղակի մարդիկ նստում էին մի կաբինետում, եւ հիմա ուրիշ, իսկ թե ինչ են արել իրենց կաբինետներում, վաղուց տեսել ենք»:



























