«Ես երբեք համաձայն չեմ եղել այն կարծիքի հետ, որ Հայաստանում գնում է պայքար մենաշնորհների դեմ եւ այն չի հաջողվում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը, հավելելով, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը տարիներ շարունակ իրենք են նպաստել Հայաստանում մենաշնորհների ձեւավորմանը: Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ արհեստականորեն բարձր պահելով դրամի փոխարժեքը, դրանով կառավարությունը նպաստեց տեղական արտադրության փաստացի ջախջախմանը, մեր տնտեսության մրցունակության անկմանը եւ ներմուծման խրախուսմանը:

«Հիմա բոլորն ասում են, որ ՀՀ-ում մենաշնորհները գոյություն ունեն հիմնականում ներմուծման ոլորտում եւ դա այդպես է, բայց չեն ասում, որ այդ մենաշնորհները ձեւավորվեցին հենց կառավարության ու ԿԲ-ի վարած քաղաքականության շնորհիվ: Կառավարությունը մշտապես Աժ է բերում օրինագծեր, որոնք տանում են տնտեսության տարբեր ոլորտների խոշորացման: Կամ հակաճգնաժամային քայլերի շրջանակում կառավարությունը աջակցում էր ոչ թե այս կամ այն ոլորտին, այլ կոնկրետ 1-2 ձեռնարկությունների, իսկ դա նշանակում է, որ օգնում է նրանց փրկվել այս ճգնաժամի պայմաններում եւ հակառակը` անտերության է մատնում մյուս բոլորին»,- ասաց Ա. Նռանյանն ու ընդգծեց, որ այսպիսի քայլերը հենց բերում են մենաշնորհների ձեւավորմանը: