Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի վարչապետ Էդրողանի հայտարարությունը «1915թ.-ի ողբերգական իրադարձությունների մասին, որոնք հանգեցրել են Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անատոլիայի հայերի տեղահանության» հասել է իր նպատակին, հաղորդում է թուրքական «Today Zaman» թերթը:
ՀԻշեցնենք, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է բարդ ժամանակների մասին, որոնք ստիպված են եղել հաղթահարել Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները դրա գոյության վերջին տարիների ընթացքում, եւ ցավակցություն է հայտնել զոհված հայերի սերունդներին՝ միաժամանակ հավատարիմ մնալով հայերի ցեղասպանության ժխտման քաղաքականությանը:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր հայերին, այլ ոչ թե մյուս ժողովուրդներին:
«Մեր վարչապետի հայտարարությունը դրական արդյունքներ է ունեցել: Ընդունվել է, որ տվյալ հարցի կապակցությամբ թուրք ժողովուրդը պատմական քայլ է կատարել բարեկամության եւ երկխոսության ուղղությամբ: Ուղերձը նախատեսված էր հայերի համար: Դա մարդասիրական հայտարարություն էր: Հայկական կազմակերպությունների արձագանքը ծայրահեղ դրական էր: Հայտարարությունը հասել է իր նպատակին»,- ասել է Դավութօղլուն սաուդյան իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մեր կողմից մեկնած բարեկամության ձեռքը չմնաց առանց պատասխանի»,- հավելել է Դավութօղլուն:
Էրդողանի հայտարարությունից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին հարցին Դավութօղլուն պատասխանել է, որ, հենվելով պատմական հիմքերի վրա, երկու կողմերը կարող են քննարկել նոր ապագայի հաստատման միջոցները:
Դավութօղլուն նաեւ նշել է, որ Թուրքիայի հայտարարությունը «պատմության վերաբերյալ համաձայնության գալու կոչ էր»:
«Թուրիայի վարչապետը ձեռք մեկնեց Հայաստանին, որպեսզի մերձեցնի մեր սրտերը եւ ուղեղները»,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ «եթե հայտարարությունը պատասխան ստանա, կարող ենք միասին ապագա կառուցել, եթե ոչ՝ կվերադառնանք նախկին իրավիճակին»:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ հայտարարությունը ցույց է տալիս դիրքորոշման արդարությունն ու մարդասիրությունը եւ առաջարկում է համատեղ ապագա կառուցել՞ Դավութօղլուն նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն անհրաժեշտ է կարգավորել, ինչը թույլ կտա բարելավել երկկողմանի քաղաքական հարաբերությունները, խաղաղություն հաստատել երկու երկրների ժողովուրդների միջեւ, կբարելավի հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Վերջում Դավութօղլուն հավելել է, որ այժմ Թուրքիայի հերթն է հայերից ցավակցություններ սպասել թուրք ժողովրդին կապված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) գործողությունների հետ, որոնք ուղղված են եղել հայ ժողովրդի դահիճների ոչնչացմանը:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը սովորական սուտ են, քանի որ հայ ժողովրդի շրջանում Էրդողանի հայտարարությունը կամ անվստահություն, կամ հիասթափություն է առաջացրել:


























