«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տարիներ առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս Հայաստանի ղեկավարի պաշտոնում հանդիպել էր ԵՊՀ-ի ուսանողության հետ եւ պատասխանում էր նրանց հարցերին, անսպասելիորեն նաեւ հարց տվեց ԱԺ ներկայիս պատգամավոր Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանը։ Վերջինիս հարցը, ինչպես ասում են, նախօրոք պլանավորված չէր եւ անակնկալի բերեց Ռ. Քոչարյանին, որը բավական նյարդայնացած պատասխանեց հարցին։
Մոտավորապես նույն վիճակն է ստեղծվել ԳԱԱ տարեկան ժողովում, որտեղ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը համարձակվել է քննադատել իշխանությունների կողմից Սեւանի ջրազրկման ծրագիրը։ Եվ այդ ամենը՝ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։ Սերժ Սարգսյանն էլ չպլանավորված զայրացավ, կողքին նստած ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ չպլանավորված վատ զգաց իրեն։ Այնքան է վատ զգացել, որ հայտարարել է, թե Ռուբեն Ջրբաշյանի հայտարարությունը ոչ կոռեկտ էր եւ ակադեմիկոսը Սեւանի ջրերը «խառնել է» այլ ջրերի հետ։
Հետաքրքիր է, Ռադիկ Մարտիրոսյանը գոնե գիտակցե՞լ է, թե ինչպես է խայտառակում Հայաստանի գիտական համակարգը, եթե գտնում է, որ հայ ակադեմիկոսը ի վիճակի չէ Սեւանի ջրերը տարբերել այլ ջրերից։ Թե՞ հանուն Սերժ Սարգսյանին սիրաշահելու կարելի է այդպես գետնով տալ ակադեմիկոսի գոնե վաստակած անցյալը։
Ի պատիվ Ռուբեն Ջրբաշյանի, պետք է ասել, որ վերջինս ոչ միայն չի հրաժարվել իր խոսքերից, այլեւ եւս մեկ անգամ պնդել է. «Չեմ գտնում, թե ոչ կոռեկտ եմ եղել: Ի՞նչ է նշանակում Սեւանի ջրերը խառնել եմ այլ ջրերի հետ: Իմ հարցադրումն այն էր, որ ջրերի մեծ տոկոսը կորչում է անվերադարձ, հիմա Սեւան է գնում, թե Արաքս է լցվում, ի՞նչ նշանակություն ունի մեր գյուղատնտեսության համար,- հայտարարել է ակադեմիկոսը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























