Միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է Թուրքիայի վարած անհետեւողական քաղաքականության հետեւանքով արձանագրությունները կասեցնելու հայկական կողմի կատարած քայլի անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ հանդիպմանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են նաեւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի իրականացման հետագա քայլերին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, հայ-չեխական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր: Կողմերը մտահոգություն են հայտնել «Եվրանեսթի» մեկնարկի ձգձման առնչությամբ:
Դեսպանը տիկին Զոհրաբյանին տեղեկացրել է Չեխիայում տիրող նախընտրական քաղաքական իրավիճակին: Իվան Եսթրաբը հույս է հայտնել, որ Չեխիայում այս ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կայցելի Չեխիա:




























