«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը (Հայաստան) եւ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը (Ադրբեջան) համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ ի պաշտպանություն Ռաուֆ Միրկադիրովի:
«Մենք երկու կին ենք՝ իրավապաշտպան եւ լրագրող, երկու մայր՝ Ադրբեջանից եւ Հայաստանից, համագործակցում ենք մոտ տասը տարի: Ուս ուսի տված կանգնած ենք արդեն 20 տարի պատերազմական վիճակում գտնվող մեր ժողովուրդների միջեւ հանրային երկխոսության ստեղծման եւ ամրապնդման ոչ դյուրին գործում:
Մոտ տասը տարի մենք գնում ենք ձեռք ձեռքի տված՝ թողարկելով համատեղ հոդվածներ, գրքեր, վերջապես՝ ստեղծելով առաջին եւ միակ համատեղ ինքնատիպ կայքը: Այն երկխոսության հարթակ է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:
Մեր կայքում շփվում, վիճում, մեզ համար կարեւոր հարցեր էին քննարկում Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի երկրների քաղաքացիները:
Մենք դեմ ենք ապագա պատերազմներին: Մենք դեմ ենք, որ մեր երեխաներն ու թոռները ատեն եւ սպանեն միմյանց, մենք դեմ ենք թշնամություն սերմանող քաղաքականությանը, դեմ ենք հարեւանի հանդեպ ատելության մթնոլորտին:
2014թ. ապրիլի 19-ին Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրել եւ կալանավորել են (ԱՀ ՔՕ 274 հոդված, որի համար 10 տարվա կալանքից մինչեւ ցմահ բանտարկություն է սպառնում) մեր կայքի առցանց կոնֆերանսների եւ Հայաստանում անցկացվող միջազգային կոնֆերանսների ակտիվ մասնակից, լրագրող Ռաուֆ Միրկադիրովին:
Ռ. Միրկադիրովին՝ Գերդ Բուցերիուսի անվան մրցանակակրին, Ադրբեջանի վաստակավոր լրագրողին «ժողովրդական դիվանագիտության» միջոցառումներին մասնակցելու մեղք են վերագրում:
ԱՀ նախագահի որոշմամբ ապրիլի 22-ին Գլխավոր դատախազության եւ Ազգային անվտանգության նախարարության քննչական համատեղ խումբ է ստեղծվել՝ «Հայաստանի օգտին լրտեսական ցանցը բացահայտելու նպատակով»:
Դժվար չէ կանխատեսել, որ այդ ցանցում նախատեսում են ներառել հենց մեր Երկխոսության մասնակիցներին: Արդեն ճնշումներ են սկսվել Լեյլայի ամուսնու՝ Արիֆ Յունուսովի հանդեպ:
Ութ գրքի եւ 230-ից ավելի հոդվածների հեղինակ Ա. Յունուսովը 2001թ.-ից Հայաստանում անցկացվող միջազգային կոնֆերանսների ակտիվ մասնակիցն էր:
Ներկայումս Արիֆ Յունուսովը նախաինսուլտային վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Ադրբեջանի իշխանությունները, «բացահայտելով լրտեսական ցանցը», վերջ կդնեն անկախ ՀԿ-ների մասնակցությամբ հայ-ադրբեջանական համատեղ նախագծերին:
Մենք դիմում ենք աշխարհի բարի կամք ունեցող բոլոր մարդկանց: Բարձրացրեք ձեր ձայնը՝ ի պաշտպանության Կովկասում խաղաղության պահպանման, ատելության բորբոքման եւ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջեւ թշնամության դադարեցման: Պահանջե՛ք մանկահասակ երկու դուստրերի հայր Ռաուֆ Միրկադիրովի անհապաղ ազատում կալանքից: Պահանջե՛ք մեր Երկխոսության ակտիվիստների, ժողովրդական դիվանագիտության մասնակիցների, մեր երկրներում խաղաղության եւ ժողովրդավարության հաստատման կողմնակիցների հանդեպ հետապնդումների դադարեցում», - ասված է Facebook-ում հրապարակված հայտարարությունում:
Լաուրա Բաղդասարյանը եւ Լեյլա Յունուսը նաեւ կոչ են անում այս հայտարարությունն ուղարկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմ, գլխավոր դատախազին ԱԱՆ եւ Ադրբեջանի ԱԳՆ:




























