Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «անլուրջ է վերաբերվում» մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե ինքը Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո ինքը զրկվելու է իր պաշտոնից:
«Անլուրջ եմ վերաբերվում նման բաներին, ես չեմ պատրաստվում հեռանալ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,- ասաց նա:
Մարզպետը հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե ինքը խնդիրներ ունի Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ՝ ասելով, որ «մենք հանգիստ աշխատում ենք իրար հետ, ոչ մի կոնֆլիկտ չկա»:
Մեր հարցին՝ հնարավոր է նախարար նշանակվեք՝ Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց. «Առաջարկ չեմ ստացել, ոչ էլ քննարկվել է այդ հարցը: Ես մնալու եմ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում»:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր. «Մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, քանի որ այդ պաշտոնին աչք ունի Սեւանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, եւ նրա շնորհիվ էր, որ քաղաքապետի պաշտոնը ստացավ: Ի դեպ, «վտանգավոր գոտում» են նաեւ Վայոց Ձորի, Արմավիրի եւ Տավուշի մարզպետները»։




























