«Մենք ենք քաղաքի տերը» երիտասարդական խումբը շարունակում է ստորագրահավաքը Գյուղատնտեսական ակադեմիայի հարեւանությամբ գտնվող Ուսանողական պուրակի (նախկին Ղուկաս Ղուկասյանի այգի) անօրինական կառուցապատման դեմ:
Հասարակական կազմակերպությունների, ճարտարապետների եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների նախաձեռնությունը, ովքեր այս տարվա մարտին կոչ էին անում դեմ հանդես գալ ուսանողական պուրակում՝ Վիկտոր Համբարձումյանի արձանի կողքին, օբյեկտների կառուցմանը, շարունակում է երիտասարդական շարժումը, որը հանդես է եկել հայտարարությամբ. «Թույլ չտա՛նք ոտնահարվեն հանրության իրավունքները, ոտքի տակ առնվեն մեր կանաչ տարածքները, անվերադարձ բետոնապատվի այն, ինչ շնչավոր է… Անենք առավելագույնը, օգտագործենք մեր ներուժը, դառնանք իրական տերերն այս քաղաքի, մի բան թողնենք մեր սերունդներին»:
Ստորագրահավաքին եւ այս հասարակական նախաձեռնությանը կարելի է միանալ Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ՝ մայիսի 3 -7-ը, ժամը՝ 18-20-ին:




























