Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում 1986 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունը համաշխարհային պատմության ամենախոշոր տեխնածին աղետն էր:
Վթարը միջուկային էներգիայի պատմության մեջ խոշորագույն էր: Ռադիացիայի «ամպը»՝ ուկրաինացիների համար առայսօր սարսափազդու բառ, անցել էր ԽՍՀՄ եվրոպական մասով, Արեւելյան Եվրոպայով եւ Սկանդինավյան երկրներով: Ռադիոակտիվ տեղումների մոտ 60%-ը Բելառուսի տարածքում էր տեղացել: Մոտ 200 հազ. մարդ էր տարհանվել աղտոտված տարածքից:
Միլիոնավոր մարդիկ էին մասնակցել վթարի չեզոքացմանը՝ վտանգելով կյանքը, անելով ամեն հնարավորը՝ ռադիացիոն վարակի մակարդակը նվազեցնելու համար: Այսօր էլ Ուկրաինայի, Բելառուսի եւ Ռուսաստանի աղտոտված շրջաններում մոտ 5 մլն մարդ է բնակվում:




























