Հայաստանում վերջին 10 տարիներին մի քանի անգամ ավելի շատ օրենքներ են հակասահմանադրական ճանաչվել, քան հարեւան երկրներում: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է սահմանադրական բարեփոխումների նախապատրաստմամբ զբաղվող հանձնաժողովի անդամ, ՀՀ նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումների իրականացումը առավել կատարյալ իրավակիրառական պրակտիկայի ձեւավորման նպատակ է հետապնդում: ՍԴ խորհրդատուն առանձնակիորեն նշել է, որ խոսքն այն մասին չէ, թե Հայաստանում ավելի շատ են հակասահմանադրական օրենքներ ընդունում, այլ` որ ավելի շատ օրենքներ են հակասահմանադրական որակվում: «Բայց իրադրությունը ամեն դեպքում մտահոգության տեղիք է տալիս»,- խոստովանել է Գեւորգ Դանիելյանը:

Ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում արդարադատության նախարար (ներկայումս` պաշտոնակատար) Հրայր Թովմասյանի` հակասահմանադրական ճանաչված օրենքների նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելու կոչին, Գեւորգ Դանիելյանը մեկնաբանել է, թե խոսքն այն մասին է, որ ՍԴ վճռի հրապարակումից հետո  օրենքը պետք է նոր մեկնաբանմամբ դիտարկել` հաշվի առնելով դատարանի որոշումը: Մասնավորապես նույնը կենսաթոշակային բարեփոխումների մասին վիճահարույց օրենքին է վերաբերում: Վերանայվել են իրավական դիրքորոշումները: Եվ եթե այդ մասով փոփոխություններ չլինեն, նոր օրենքը եւս հակասահմանադրական կճանաչվի, ընդգծել է Գեւորգ Դանիելյանը: