Պետական կառավարման ձեւը, ինքն իրենով, չի կարող հարցերի հաջող լուծման երաշխիք լինել: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է սահմանադրական բարեփոխումների նախապատրաստմամբ զբաղվող հանձնաժողովի անդամ, ՀՀ նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նրա խոսքով, հարցը հանձնաժողովում տարաձայնություններ է առաջացրել, եւ որոշում է ընդունվել կուտակված խնդիրների լուծման այլընտրանքի տեսքով նախագծում խորհրդարանական համակարգի անցման տարբերակը ներկայացնել: «Պետական կառավարման ձեւն, ինքն իրենով, հարցերի լուծում չի երաշխավորում: Ուսումնասիրելով այլոց փորձը, մենք համոզվել ենք դրանում: Որոշում հարկավոր է կայացնել` ելնելով սեփական կարիքներից. ուրիշի բաղադրատոմսով լուծումը կարող է ճիշտ չլինել»,- նշել է Դանիելյանը, հավելելով, որ փաստաթղթի վերջնական տարբերակը պատրաստ կլինի քաղաքական կուսակցությունների եւ հանրության հետ մեկնարկած քննարկումների արդյունքում:



























