Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին ուղերձ հղեց երկու պատճառով՝ նրա վրա միջազգային ճնշման եւ քաղաքացիական հասարակության կողմից ներքին ճնշումների: Այս մասին ապրիլի 26 –ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Dur De» («Ասա ոչ ռասիզմին եւ ազգայնականությանը») կազմակերպության ներկայացուցիչ Լեւանտ Շեմսեւերը (ազգությամբ թուրք)՝ հավելելով, որ դա Էրդողանի հայտարարությունը չէր, այլ՝ պետության, քանի որ նա սովորաբար հայտարարությունները չի ընթերցում, այնինչ տվյալ դեպքում նա կարդում  էր:

Նրա խոսքով՝ կազմակերպության անդամները հնարավորություն են ունեցել նշված հարցը քննարկել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:

«Մենք այս հարցը շատ երկար ենք քննարկել Ստամբուլում: Իհարկե, որպես թուրքական կազմակերպության ներկայացուցիչ՝ ես պետք է շատ զգույշ լինեմ իմ հայտարարություններում, այդ պատճառով մենք պետք է սկզբում լսեինք տեղի հայերին: Օրինակ Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) ղեկավարներից մեկն ասաց, որ հայտարարությունն ուղղված էր PR-ին, եւ ես համամիտ եմ», -նշել է  Լեւանտ Շեմսեւերը:  Հրանտ Դինքի հիմնադրած «Ակօս» թերթի ներկայացուցիչները նույն կարծիքին էին, սակայն նրանք հավելեցին, որ առաջին անգամ պետական մակարդակով նման հայտարարություն է արվում:

 «Ցանկանում եմ հավելել, որ այդ հայտարարությունը կօգնի մեզ՝ թուրքերին եւ քրդերին, որոնք պայքարում են հանուն Ցեղասպանության ճանաչման: Ասես այս հայտարարությամբ ընդլայնվել է պայքարի տարածքը: Եվ որ ավելի կարեւոր է՝ հայտարարությունը ճանապարհ բացեց իշխող արդարության եւ զարգացման կուսակցության ներկայացուցիչների համար՝ Հայոց ցեղասպանության քննարկումներին մասնակցելու հարցում», -  ընդգծել է Լեւանտ Շեմսեւերը: