Սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը տվյալ պահն անհարմար է համարում սահմանադրական բարեփոխումների անցկացման համար: Իր կարծիքը նա հայտնել է ապրիլի 26-ին:

Ինչպես նշել է Գեւորգ Դանիելյանը, սկսված հասարակական լսումները կոչված են ավելի առարկայական պատկերացում տալու հասարակության վերաբերմունքի մասին երկրի հիմնական օրենքի բարեփոխումների վերաբերյալ: «Հաճախ ասում են, որ սահմանադրական բարեփոխումների նման նախաձեռնություններով հանդես են գալիս ճգնաժամի ժամանակ, կամ երբ քաղաքական ճգնաժամի վտանգ կա: Կարծում եմ, սխալ է բարեփոխումները ճգնաժամի հետ կապել: Փորձը ցույց է տալիս, որ երբ բարեփոխումներն անցկացվում են ճգնաժամի հետ շաղկապված, դրանք անկայուն են: Իրավիճակային յուրաքանչյուր փոփոխություն չի կարող հաջողությամբ պսակվել»,- նշել է Գեւորգ Դանիելյանը՝ ընդգծելով, որ բարեփոխումները ոչ միայն չեն խանգարում, այլ նաեւ կոչված են օգնել լուծել առկա խնդիրները:

Միեւնույն ժամանակ փորձագետն ընդգծել է, որ իրենք իրենց սահմանադրական բարեփոխումները չեն կարող լուծել բոլոր սոցիալական, իրավական եւ այլ հարցերը: Ուստի բարեփոխումները պետք է ուղեկցվեն գործնական քայլերով:

Ինչ վերաբերում է կարծիքին այն մասին, որ նախորդ բարեփոխումներից հետո քիչ ժամանակ է անցել թերությունները որոշելու համար, Գեւորգ Դանիելյանը նշել է, որ միջազգային փորձը հակառակի մասին է վկայում: «Փորձը ցույց է տալիս, որ հենց այդ ընթացքում են թերությունները երեւում: Ժամկետներն իրենք իրենցով ոչինչ չեն ասում, մենք չենք պատրաստվում 10 տարին մեկ անգամ բարեփոխումներ անցկացնել: Խոսքն այն մասին է, որ նշված ժամանակահատվածում թերություններն հնարավոր է տեսնել»,- նշել է ՍԴ խորհրդականը՝ բերելով գործող սահմանադրության թերությունների մի քանի օրինակներ: