Գեղարքունիքի ՕԵԿ-ական փոխմարզպետ Մարզպետ Մանուկյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից` նախընտրելով մնալ ՕԵԿ շարքերում: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Մանուկյանը:

«Ես հիմա արձակուրդում եմ, հետո կորոշեմ: Համենայնդեպս մոտակա օրերը որոշում կկայացնեմ, ինձ համար նախընտրելին, բնականաբար, իմ կուսակցությունն է, որովհետեւ ես մեծ լումա ունեմ ներդրած, մեծ հավանականությամբ դուրս եմ գալու աշխատանքից»,-ասել է ՕԵԿ-ական փոխմարզպետը:

Վերջինս նշել է, որ ինքը պայքարի մարտիկ է եւ ժամանակին լինելով բնապահպանության վարչության պետի տեղակալ` հրաժարվել է աշխատանքից ու պայքարել ՕԵԿ-ի ընդդիմադիր շրջանում:

«Այնպես որ ես միշտ պայքարի մարտիկ եմ եղել ու պատրաստ եմ պայքարելու: Ինձ համար պաշտոնը երկրորդական-երրորդական բաներ են: Ես այսքան ժամանակ ոչ թե հակված եմ եղել պայքարել գործի համար, այլ պայքարի մարտիկ եմ եղել, պայքարել եմ իմ համար, բոլորի համար»,-ասել է նա:

NEWS.am-ի դիտարկմանը, թե փոխմարզպետի պաշտոնից ազատվելով` ինչի դեմ կամ հանուն ինչի է պայքարելու, նա նշել է. «Հիմա ուզում եմ վերջապես հասկանամ ինձ համար` կամ պայքարեմ, կամ դուրս գամ եւ ընդեղից, եւ ընդեղից»:

Նշենք, որ ՕԵԿ-ը երեք փոխմարզպետի պաշտոն ուներ: Կոտայքի փոխմարզպետը լքել է ՕԵԿ-ը, իսկ Տավուշի եւ Գեղարքունիքի փոխմարզպետները` պաշտոնները: