Գալուստ Սահակյանը շատ ճիշտ էր արել, որ մինչեւ վերջ հերքել է լուրերն այն մասին, թե ինքը կառաջադրվի ԱԺ նախագահ: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Շատ ճիշտ է արել, որ հերքել էր, քանի դեռ կուսակցությունում չկան քննարկումներ, կոռեկտ չէ, որ այդ մարդն ասի առաջարկ ստանալու մասին»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե ինչու է քննարկվել միայն Գալուստ Սահակյանի թեկնածությունը` Շարմազանովը պատասխանեց. «Գալուստ Սահակյանն իր պառլամենտական փորձով, իր իմաստությամբ կարող է լավագույնս ղեկավարել խորհրդարանը»:
ԳՄ եւ խորհրդի նիստերում ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով չի քննարկվել նախարարների հարցը, քանի որ դեռ ժամանակ ունեն` որոշում կայացնելու:
Նշենք, որ ապրիլի 28-ին խորհրդարանը քվեարկություն կդնի Գալուստ Սահակյանի թեկնածությունը:




























