Շատ լավ է, որ Հանրապետական ու «Օրինաց երկիր» կուսակցությունները բաժանվեցին բարեմաղթանքներով, ոչ թե հայհոյանքներով: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահի պաշտոնակատար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Օրինաց երկրի» կոալիցիան լքելու որոշմանը մենք ամենայն հարգանքով ենք վերաբերվում: Ինչպես նշեց նաեւ Արթուր Բաղդասարյանը, քաղաքական դաշտում ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: Մենք բոլորին մաղթում ենք հաջողություն եւ «Օրինաց երկրին» եւ «Բարգավաճ Հայաստանին»: Շատ լավ է, որ բաժանվում ենք բարեմաղթանքներով, ոչ թե հայհոյանքներով»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստից հետո խմբակցության պատգամավորները հայտարարեցին կոալիցիայից դուրս գալու մասին: Ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտնեց պատճառների մասին: