Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքները, սակայն մենք ունենք մեր դիրքորոշումը: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահի պաշտոնակատար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նախկին նախագահների ելույթներին Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

«Շատ դրական եմ գնահատում, որ երկրի երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, պաշտոնաթող նախարարներն ունեն իրենց կարծիքը, եւ նրանք իրավունք ունեն քննադատել: Մենք չենք ապրում տոտալիտար երկրում, մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ պաշտոնաթող նախագահները կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը»,- ասաց նա:

Լրագրողների հարցին` արդյոք Շարմազանովը համաձայն է իր կուսակցության ներկայացուցիչների հետ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ` վերջինս պատասխանեց. «Ես համակարծիք եմ իմ կուսակցության հետ, իսկ ձեր այդ հարցերը տվեք այլ քաղաքական ուժերին»:

Հարցին` թե ինչու են կառավարության կազմում գերակշռում երկրորդ նախագահի կադրերը` ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես կասեմ, որ կառավարությունում այժմ Հանրապետական կադրերն են: Եվ 98թ.-ին, եւ 2003թ.-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական հենարանը եղել է ՀՀԿ-ն եւ պետք չէ զարմանալ, որ ՀՀԿ ներկայացուցիչները աշխատել են նաեւ այդ կաբինետում: Ինչի՞ մասին է խոսքը»:

Նշենք, որ 2rd.am-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ էր արտահայտվել Սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաեւ խոսել էր Սերժ Սարգսյանի, նախկին եւ ներկա վարչապետներին: