Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը քաղաքական տարաձայնություններ ունի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ, սակայն համոզված է, որ լավ կաշխատի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Ես ինքս հակասություններ ունեմ տիկին Նաղդալյանի հետ նրա այս կամ այն քաղաքական հայտարարության վերաբերյալ: Սակայն մի բան հստակ է, որ Հերմինե Նաղդալյանը ընդունված պատգամավոր է ԵԽԽՎ-ում, պատվավոր անդամ է եւ այս դեպքում համոզված եմ, որ նա արդյունավետ կաշխատի այս պաշտոնում»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց նաեւ, որ երկար տարիներ աշխատել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ եւ կարծում է, որ արդյունավետ կգործի:

Նշենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ապրիլի 26-ին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար է նշանակվել Հերմինե Նաղդալյանը: