Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ապրիլի 28-ին ԱԺ նախագահի պաշտոնում ոչ մեկին չի առաջադրելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Քառյակում նման հարց չի քննարկվել, Հանրապետականն ունի ձայների վերահսկիչ փաթեթ, իրենք որոշել են, թե ում նշանակեն: Մնացած քաղաքական ուժերն այս առաջադրումները դժվար թե մեկնաբանեն, քանի որ սա բացառապես ՀՀԿ-ի որոշումն է: Մենք հաստատ ոչ մեկին չենք առաջադրելու»,- ասաց նա:

Պատգամավորի համար միանշանակ կանխատեսելի էր նման առաջադրումը: Թե ինչպես է գնահատում Գալուստ Սահակյանի առաջադրումը, Նաիրա Զոհրաբյանը չշտապեց գնահատականներ տալ. «Կաշխատի, կտեսնենք, դրանից հետո կհայտնենք մեր կարծիքը»:

Թե ինչպես կքվեարկի խմբակցությունը, կորոշվի քառօրյա նստաշրջանից առաջ` ապրիլի 28-ին:

ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ապրիլի 26-ին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իրենք առաջադրում են Գալուստ Սահակյանին, որը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է: