NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Պրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը, որը հրապարակվել է թուրքական «Today`s Zaman»-ում:

Սա Թուրքիայի պատմության ընթացքում առաջին դեպքն էր, երբ վարչապետը 1915թ.-ի հայոց ցեղասպանության կապակցությամբ ուղերձով հանդես եկավ, որը նշվում է ապրիլի 24-ին: Մտադրություն չունեմ թերագնահատել պատմական այդ քայլը: Այն կարեւոր է, նշանակալի եւ հեռանկարային, կասկած չկա:

Երբ կարդացի ուղերձը, մի քանի կարեւոր հատված ընդգծեցի, որոնք, իմ կարծիքով, առանձնահատուկ նշանակություն ունեն: Մենք կարող ենք այդ բառերը հեռանկարային համարել խոսքի ավելի մեծ ազատության համար կապված Հայոց ցեղասպանության հետ: Դիվանագիտականեղանակով Էրդողանը գիտակցում է, որ իրենք խնդիրներ չեն ունենա «ցեղասպանություն» բառի հետ, թեեւ ձեռնպահ են մնում դրա օգտագործումից: Այս ուղերձը կարեւոր է նաեւ այն առումով, որ վկայում է Թուրքիայի բազմատարր կառույցի մասին:

Ժխտողականության այսքան տարիներից հետո այս բառերը կարեւոր են մարդկային տեսակետից եւ 1915թ.-ի ողբերգության ժխտման Թուրքիայի պաշտոնական դասական քաղաքականությունից հեռանալու տեսակետից: Համարում եմ, որ այդ բառերն անմիջական ազդեցություն կունենան հայկական հարցի վերաբերյալ ազատ արտահայտվելու վրա. կխրախուսվեն ավելի բաց ու արդար քննարկումները:

Եվ այս խոսքերը կարող են շատ ավելի շարունակական ազդեցություն ունենալ, եթե ուղեկցվեն քաղաքականության որոշակի փոփոխություններով: Օրինակ, մենք չգիտենք, դադարել է արդյոք ԱԳՆ-ն թուրքական դեսպանությանը հրահրել նախապատրաստվել 2015թ.-ին՝ Թուրքիայի հին պաշտոնական գծին համապատասպան: Մենք չգիտենք, կնպաստեն արդյոք այս խոսքերը  Հայաստանի հետ մերձեցմանը եւ կօգնեն Թուրքիային ազատվել նրանից, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունները պատանդ է պահում: Մենք չգիտենք, կազդեն արդյոք այս խոսքերը թուրքական պատմական հասարակության վրա, որը վճռականորեն պաշտպանում է ցեղասպանության ժխտումը: Մենք չգիտենք, արդյոք Էրդողանը հայերին եւ այլ ոչ մահմեդականներին կսկսի ներառել Թուրքիայի խճանկարում, որում հաճախ նշում է «քուրդերի, արաբների, թուրքերի եւ այլոց մասին»՝ խումբ, որը ներառում է միայն մահմեդականների:

Մի շարք անհայտ իրողություններ կարող են գոյություն ունենալ, որոնք կհարուցի վարչապետի աննախադեպ ուղերձը: Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը, անկախ նրանից, թե որքան ուշ էր արված եւ որքան անբավարար, շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման ճանապարհին: