Գյումրիում երեկ՝ ապրիլի 26-ին տաքսու վարորդին գնդակահարելու կապակցությամբ ոստիկանությունը կասկածյալ ունի:
Aravot.am-ի փոխանցմամբ, ոստիկանությունը կասկածում է Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Հրաչիկ Խաչատրյանի ազգականներից մեկին, որը բավական ակտիվ շփման մեջ է եղել Արտակ Անդրեասյանի հետ: Նշենք, որ Հրաչիկ Խաչատրյանը Վարդան Ղուկասյանի օրոք զբաղեցնում էր Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետի պաշտոնը, նա ժամանակին Ղուկասյանի ամենամոտ ընկերներից էր (այժմ, ըստ որոշ տեղեկությունների, նրանց միջև շփում չկա) , որին անգամ 99 տարի ժամկետով հանձնվեց «Տեքստիլ» մարզամշակութային ակումբը:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը տեղեկացրել է, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, ներքին օրգանները վնասված չեն, այլ վիրահատել են մեջքի հատվածը, ավելի կոնկրետ թիակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 26-ին, ժամը 22:00-ի սահմանում կրակոցներ են հնչել Գյումրու բուլվարային թաղամասում: Հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Վարդ-բաղ 1 թաղամասի 1-ին շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, Արտակ Մարատի Անդրեասյանը՝ մեջքի հատվածում հրազենային վնասվածքով:




























