Մայիսի 2-ին կրծքավանդակի ձախ մասում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքով Աբովյան քաղաքի հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Վարդան Հ.-ն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, 2 անհայտ անձինք մուտք են գործել Առաքել Գ.-ին պատկանող խանութ, որը վարձակալում է Վարդան Հ.-ն:

Ավազակները կպչուն ժապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, գլխին սպորտային գլխարկ հագցրել, բերանը շոր մտցրել, դանակով հարվածել կրծքավանդակին: Հետո հանցագործները նրա գրպանից հափշտակել են 1.000 դոլար, 240.000 դրամ, 50 եվրո, 150 լարի, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, իսկ խանութի չհրկիզվող պահարանից` 60.000 դրամ և 43 հատ 1.000 դրամանոց լիցքավորման քարտ ու դիմել են փախուստի: Կատարվում է նախաքննություն: