Եւս 4 հավակնորդներ իրենց թեկնածությունն են առաջադրել Սիրիայի նախագահի պաշտոնում: Խորհրդարանի նախագահ Մուհամադ Ջիհադ Ալ Լյահամը հայտարարել է, որ ըստ Գերագույն Սահմանադրական դատարանի վերջին տեղեկության՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են ներկայացրել Սաուսան Օմար Ալ Հադադը, Սամիր Ահմադ Մաալյան, Մուհամադ Ֆիրաս Յասին Ռաջուհը եւ Աբդել Սալյամ Յուսեֆ Սալյաման:
«Դամասկոս» միջազգային պետական ռադիոկայանը փոխանցում է, որ Սաուսան Օմար Ալ Հադադը ծնվել է Լաթաքիա նահանգում` 1963թ., Սամիր Ահմադ Մաալյան ծնվել է Կունեյթրա նահանգում` 1961թ.: Մուհամադ Ֆիրաս Յասին Ռաջուհը ծնվել է Դամասկոսում`1966թ.: Աբդել Սալյամ Յուսեֆ Սալյաման ծնվել է Հոմսում` 1961թ.: Ավելի վաղ ներկայացվել էին եւս երկու թեկնածուներ. խորհրդարանի պատգամավոր, Հալեպից Մահեր Աբդել Հաֆեզ Հաջարան եւ վարչական զարգացման նախարար, ծագումով Դամասկոսից Հասան Աբդալա Ան Նուրին:
Գերագույն Սահմանադրական դատարանը թեկնածուներից հայտեր ընդունում է ապրիլի 22-ից մայիսի 1-ը: Դատարանը հստակեցնում է, որ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է ստանան 250 տեղանոց օրենսդիր մարմնի առնվազն երեք պատգամավորների աջակցությունը: Օրենքով թեկնածուի տարիքը 40-ից ոչ պակաս պետք է լինի, վերջին 10 տարում պետք է բնակված լինի Սիրիայում: Թեկնածուների օտար երկրի քաղաքացիությունն անթույլատրելի է:
Պետության ներկայիս նախագահ Բաշար Ասադը դեռեւս փաստաթղթեր չի ներկայացրել: Սիրիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:


























