«Թայֆուն» տիպի 4 կործանիչներ Մեծ Բրիտանիայից Լիտվա կմեկնեն` բալթյան երկրներում Հյուսիսատլանտյան դաշինքի համար պարեկություն իրականացնելու նպատակով:

Բացի «Թայֆուններից», դաշինքի սահմաններին պարեկություն կիրականացնեն նաեւ վեց լեհական կործանիչներ:

Հյուսիսատլանտյան դաշինքի նման նախաձեռնությունը Ուկրաինայում տիրող իրադրության շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության հետեւանքն է, BBC-ին վկայակոչելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպությունը մտադիր  է Ուկրաինայում ծավալված իրադարձությունների ֆոնին Արեւելյան Եվրոպայի երկրներում հավելյան ռազմական ներկայություն ապահովել` պաշտպանունակության բարձրացման եւ զինավարժությունների իրականացման նպատակով, ինչպես նաեւ վերանայել բոլոր պաշտպանական պլանները:

Բացի այդ, դաշինքը մտադիր է ուժեղացնել Եվրոպայի արեւելքում իրականացվող օդային պարեկությունը, ինչպես նաեւ ռազմանավեր ուղարկել Բալթիկ եւ Միջերկրական ծովեր: Ընդ որում Ռասմուսսենն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Արեւելյան Եվրոպայի երկրներում մշտական ռազմաբազաների տեղակայման շուրջ դեռեւս որոշում չի կայացրել: