Եվրամիությունը մտադիր է «Հարավային գազային միջանցքը» Ադրբեջանից մինչեւ դրա վերջնակետ Իտալիայի հարավից երկարացնել դեպի մայրցամաքի խորքերը, գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին:

«Հարավային գազային միջանցք» նախագծով նախատեսվում է մինչեւ 2019թ. 

TANAP-TAP գազատարների համակարգի կառուցում՝ ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից դեպի Իտալիայի հարավ՝ Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով, Ալբանիայով:  Դրանով նախատեսվում է 6 միլիարդ խմ գազ մատակարարել Թուրքիա եւ 10 մլրդ խմ՝ Եվրոպա:

Անցյալ տարեվերջին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը այդ նախագծի ներուժը գնահատում էր ԵՄ-ի գազի կարիքների 20%-ի չափով` հետագա ընդլայնման պայմանով:

2014-2020թթ. համար հաստատված է գազատարի շինարարության նախագիծը, այդ թվում նաեւ` Իսպանիայի եւ Ֆրանսիայի հետ, որոնք հուսով են ստանալ նաեւ կասպյան գազը: Դրա համար ձեւավորվել է  5,8 միլիարդ եվրո գումարով հատուկ հիմնադրամ: Դա Եվրոպային հնարավորություն կտա ավելացնել Ադրբեջանից գազամատակարարումները եւ սկսել գազի արտահանումը Թուրքմենստանից եւ Իրանից (պատժամիջոցները վերացնելու դեպքում), հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»: