Չինաստանի կենտրոնական նահանգներից մեկում`Ուխանում դատարանը Ցույ ամուսիններին պարտավորեցրել է 467 հազար յուան (շուրջ 75 հազար ԱՄՆ դոլար) վճարել նրանց պատկանած ծաղկամանի պատճառով մահացած անցորդի ընտանիքին:
Ողբերգությունը նախորդ տարի սեպտեմբերին էր տեղի ունեցել: Ցինշան քաղաքի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում ապրող թոշակառու Ցույը պատշգամբ էր ելել` սենյակային բույսերը ջրելու նպատակով, երբ արգելապատնեշի մոտ դրված ծաղկամանն ընկել էր հետիոտներից մեկի գլխին:
Միջադեպի զոհը ընտանիքի միակ կերակրողն էր: Նրա 16-ամյա դուստրը քաղաքացիական հայցով դատարան է դիմել` 500 հազար յուանի փոխհատուցման պահանջով, ինչը գրեթե ամբողջությամբ բավարարվել է, տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այդուհանդերձ, Ցույ ամուսինները չեն պատրաստվում դատարանի որոշումն ի կատար ածել. նրանք դեռ վերաքննիչ բողոք կներկայացնեն: Թոշակառու ամուսինը նույնիսկ հրաժարվել է ավելի վաղ ոստիկանատանը տված ցուցմունքից առ այն, թե ծաղկամանն իրենց է պատկանել:




























