Լոռու մարզում ապրիլի 21-ից անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը վերջերս էր վերադարձել Օդեսայից եւ գնացել էր Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելելու եւ իր մանկությունն անցկացրած տարածքներում շրջելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Ստեփանավանի բաժանմունքից:

«Օդեսայից էր վերադարձել կնոջ հետ ու եկել էր Սվերդլով գյուղ՝ մանկության տարածքներում շրջելու: Ընդհանուր գիտենք, թե որ տարածքներում է եղել: Սկզբում եղել է գերեզմանոցում, հետո գնացել եկեղեցի, հանդիպել Սվերդլովի հովիվներից մեկին, զրուցել հետը, որից հետո ուղեւորվել կողքի գյուղ՝ հարազատներին այցելության, բայց չի հասել, անհետացել է»,- ասաց ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը Հայաստան էր վերադարձել կնոջ հետ, սակայն գյուղ մեկնել էր մենակ, գրպանում եղել է ընդամենը մի քանի հազար դրամ: Այդ պատճառով ոստիկանությունից բացառում են թալանի տարբերակը: Աղումյանի խոսքով՝ այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են, գյուղում է նաեւ կորածի որդին:

«Առողջական խնդիրներ էլ է ունեցել, նախկինում ինֆարկտ է տարել, հնարավոր է հիշողության խնդիրներ էլ ունեցած լինի, բայց ընտանիքը տեղյակ չլինի: Այս պահին փնտրում ենք»,- ավելացրեց բաժնի պետը:

Սվերդլովի գյուղապետ Կամսար Չերքեզյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ անհետ կորածն արմատներով իրենց գյուղից է եղել, սակայն երկար տարիներ բնակվել է Ռուսաստանում: Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ Սվերդլովի բնակիչները:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին, ժամը 10.36-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից եւ չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել էին Սվերդլով գյուղում: Դեպքի վայր էին մեկնել 5 հրշեջ-փրկարար եւ «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար:

Որոնողափրկարարական աշխատանքները երեք օր արդյունք չեն տվել, դրանք վերսկսվել են այսօր առավոտյան: