Կրամատորսկի օդանավակայանի մոտ մեկնարկած զինված բախումների արդյունքում Ուկրաինայի անվտանգության ծառայության մեկ գործակալ եւ ՆԳՆ ներքին զորքերի մեկ զինծառայող է վիրավորվել, Facebook-ի իր էջին գրել է ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը:
«Հակաահաբեկչական գործողությունների իրականացման գոտում գիշերը հանգիստ է անցել: Բառացությամբ մեկ դեպքի` Կրամատորսկի օդանավակայանի մերձակայքում մեր զորքերի դիրքերի ուղղությամբ ավտոմատային կրակահերթ է արձանագրվել:
Առավոտյան կողմ եւս ուժայինների ուղղությամբ կրակ է բացվել հրաձգային ավտոմատ զենքից: Ահաբեկիչները նաեւ մի քանի անգամ ականանետ են կիրառել: Ի պատասխան ուժայինները կրակ են բացել վերջիններիս ուղղությամբ:
Ուժայինների մոտ կորուստներ չկան: Ահաբեկիչների կորուստների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:
Մեր տվյալներով, անջատողականներն ուժեղացրել են անցակետերի պաշտպանունակությունը: Բոլոր տեղերում ականանետներ են հայտնվել»,- հաղորդել է Տիմչուկը:
Հիշեցնենք, որ մարտ ամսից ի վեր Ուկրաինայի արեւելքում` Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են ընթանում: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են դեպի Դոնեցկի մարզի մի շարք այլ քաղաքներ, այդ թվում` Սլավյանսկ եւ Կրամատորսկ:
Նշենք, որ Կրամատորսկի օդանավակայանը աշխարհազորայինների դեմ իրականացվող գործողությունների համար հենակետ է ծառայում:




























