Հայաստանը, լինելով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում, միշտ կռվախնձոր է եղել տարբեր կայսրությունների, թագավորությունների եւ պետությունների միջեւ: Այդ մաիսն սերբական «Սվեդոկ» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Սերբիայում հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակում Հայաստանի կարողություններին` դեսպան Ղալաչյանը նշել է, որ, դժբախտաբար, պատմության ընթացքում մեր տարածաշրջանը բազմիցս եղել է կործանիչ պատերազմների, բաժանումների եւ ըմբոստությունների բեմահարթակ: Հայաստանը, լինելով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում, միշտ կռվախնձոր է եղել տարբեր կայսրությունների, թագավորությունների եւ պետությունների միջեւ:
Մեր երկու անմիջական հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք եւ ակտիվորեն համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում:
Արեւմուտքում գտնվող հարեւանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները լարված են, չնայած Հայաստանի՝ դրանց առանց նախապայամնների կարգավորելու հաստատուն հանձնառությանը: Թեեւ Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991թ., սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: 1993թ. Թուրքիան փակեց օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ՝ սատարելով Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ մտած Ադրբեջանին:
1991թ.-ից մինչեւ վերջին տարիները փորձեր են արվել երկկողմանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք սակայն անհաջողության են մատնվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:
Ադրբեջանն իր հերթին, որպես Հայաստանի հետ դիվանագիտական եւ բարեկամական հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը:
Ներկայումս հարցի լուծման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան: Համանախագահների կողմից առաջարկված խնդրի լուծման տարբերակները մերժվել են Ադրբեջանի կողմից: Բանակցությունները հիմնված են Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք 2007թ. առաջարկվել են համանախագահների կողմից եւ ենթադրում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում՝ իր ժողովրդի՝ օրենքով սահմանված կամարտահայտման հիման վրա:
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին` դեսպան Ղալաչյանը նկատել է, որ խելամիտ կլիներ նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գրեթե ոչ մի հարաբերություններ չկան: Ցանկացած բանակցային գործընթացում կարեւոր է վստահություն կառուցելու երկկողմանի հանձնառությունը: Չնայած միջազգային հանրության եւ ԵԱՀԿ միջնորդների կողմից վերջին տասնամյակում այս ուղղությամբ գործադրած ջանքներին՝ Ադրբեջանը հրաժարվում է եւ խախտում ուժի չկիրառման մասին դրույթները, պետական մակարդակով սատարում է Հայաստանի նկատմամբ ատելությունը, չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993թ. ընդունված որոշման դրույթները՝ շփման գծում պարբերաբար նախաձեռնելով զինադադարի խախտումներ եւ կիրառելով սադրանքներ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` դեսպանն ասել է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը եղել է եւ կմնա Հայաստանի քաղաքական օրակարգում: Այսպիսի վերքերը երբեք չեն բուժվում: Ավելին, քանի դեռ գոյություն ունեն չճանաչված ցեղասպանություններ, որոնք պատշաճ կերպով չեն դատապարտվել, դրանք կանաչ լույս են հանդիսանում հետագա ոճիրների իրագործման համար:
Թուրքիային հնարավորություն էր տրվել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները առանց որեւէ նախապայմանի, սակայն նա ձախողեց այդ հնարավորությունը: 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այնքան ջերմորեն ընդունվեցին միջազգային հանրության կողմից եւ որակվեցին որպես «պատմական», պետք է նախագծեին հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման ճանապարհային քարտեզը: Սակայն դրանց վիճակված է մնալ թղթի վրա, քանի որ Թուրքիան որդեգրել է արձանագրությունները այլ խնդիրներից կախվածության մեջ պահելու մոտեցումը:




























