Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ռուսաստանյան «OPT» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին եւ խնդրել առաջին ալիքի եթերից հանել «Ռուբիկ Ամենակարող» (Рубик Всемогущий) շոուն:

Երեկոյան շոուի հաղորդավարը «Շարմ» ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանն է, իսկ առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել օգոստոսի 2-ին:

ՌՀՄ նամակում մասնավորապես նշված է. «Ռուսաստանցի հանդիսատեսին է ներկայացվել հայկական „տարօրինակ“ մի ընտանիքի ծաղրանկար: Հաղորդումը ներկայացվում էր որպես հումորիստական, բայց այն Ռուսաստանի հայ երիտասարդության մեջ ոչ թե ծիծաղ, այլ դժգոհության բնական ալիք է բարձրացրել»:

Ըստ ՌՀՄ-ի՝ հաղորդումը չի համապատասխանում քսենոֆոբիայի դեմ պայքարի պետական կոնցեպցիային եւ առաջին ալիքի բարձր չափորոշիչներին ու պետք է դուրս մղվի եթերից: