«Վկոնտակտե»-ի հիմնադիր Պավել Դուրովը սոցցանցի իր էջին հրաժեշտի հաղորդագրություն է թողել, նշելով այն նախապայմանները, որոնց առկայության պարագայում միայն կարող է Ռուսաստան վերադառնալ: Նրա կարծիքով, երկրում պետք է ամեն ինչ արմատապես փոխվի` դատական համակարգից մինչեւ կրթական ստանդարտներ:
«Որպես հրաժեշտի խոսք թողնում եմ 2012թ. մայիսին ռուսաստանցիների քաղաքացիական ակտիվության ամենաթեժ պահերին հրապարակածս մանիֆեստի գրաֆիկական տարբերակը:
10 կետերից ամենակարեւոր յոթն եմ թողել. առանց այդ կետերի իրականացման Ռուսաստան վերադարձն ինձ համար անիմաստ կլինի»,- ասվում է Դուրովի հայտարարության մեջ:
Այն մասին, որ նա լքել է հայրենիքը եւ չի պատրաստվում վերադառնալ, հայտնի էր դարձել ապրիլի 22-ին: Դուրովի խոսքով, «Ռուսաստանն այլեւս անհամատեղելի է ինտերնետ-գործարարության հետ»: Նախընթաց օրը նրան ազատել էին «Վկոնտակտե»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ սոցցանցի հիմնադիրը Սենթ-Քիթս եւ Նեւիս Դաշնության քաղաքացի է դարձել` նոր անձնագրի համար վճարելով 250 հազար ԱՄՆ դոլար:




























