Խորհրդարանական վեց խմբակցություններից հինգը հայտարարել են, թե մտադիր չեն վիճահարույց գործունեությամբ հայտնի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին լրագրողների հետ զրույցին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` Ազգային Ժողովի փոխնախագահի մոտ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների խորհրդակցության ավարտից հետո:

Հակոբյանի խոսքով, խորհրդակցության ընթացքում խմբակցությունները մեկ անգամ եւս հաստատել են հաշվիչ հանձնաժողովի ձեւավորմանը չմասնակցելու իրենց դիրքորոշումը: «Հաշվիչ հանձնաժողովը պետք է ձեւավորվի համաձայն խորհրդարանի կանոնակարգի 24-րդ հոդվածի: Իրավաբանական կազուս է հասունանում»,- ասել է նա:

Իր հերթին խորհրդարանի փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պարտավոր է օրենսդիր մարմնի բնական աշխատանքային գործընթացն ապահովել: «Այդ առթիվ կգտնենք լուծումներ, որոնք կհամապատասխանեն ինչպես սահմանադրական նորմերին, այնպես են խորհրդարանի կանոնակարգին: Ներկայումս հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման ուղղությամբ քննարկումներ են ընթանում»,-ասել է նա:

Նշենք, որ խորհրդարանի նախագահի ընտրության քվերակությունը չի կարող տեղի ունենալ, քանի դեռ հաշվիչ հանձնաժողով չի ձեւավորվել: