Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Մկրտիչ Պ.-ն մեղադրվում է դպրոցից համակարգիչ գողանալու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 6-ին ժամը 18:00-ի սահմաններում: Մկրտիչը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է Գյումրի քաղաքի թ.27 միջնակարգ դպրոցի 1-ին հարկի զուգարանի պատուհանը, ապօրինի մուտք է գործել դպրոց, կոտրել 2-րդ հարկում գտնվող տնօրենի ընդունարանի մուտքի դուռը, այնտեղից գողացել 1 հատ համակարգչի մոնիտոր: Այնուհետեւ նույն եղանակով կոտրել է ֆիզիկայի լաբորատորիայի մուտքի դուռը, մուտք գործել այնտեղ եւ գողացել ուսուցչուհի Հ.Մալխասյանի բջջային հեռախոսը՝ դպրոցին պատճառելով զգալի չափի 121 հազար դրամի գույքային վնաս, իսկ Հ.Մալխասյանին պատճառելով 9000 դրամի գույքային վնաս:

Մկրտիչ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Մկրտիչը կալանավորված է:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: