Չնայած խորհրդարանի նախագահի պաշտոնին երկու թեկնածու է առաջադրվել, մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում: Այս մասին Ազգային Ժողովի ապրիլի 28-ի նիստին հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մեր խմբակցությունը չի մասնակցելու խորհրդարանի նախագահի ընտրության քվեարկությանը»,- նշել է պատգամավորը:

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասել է, որ իրենք հարգանքով են վերաբերվում բոլոր թեկնածուներին, բայց իրենց դիրքորոշումը միայն վաղը կհայտնեն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ իրենք շատ լավ հասկանում են` երկրում առկա խնդիրները Ազգային Ժողովում չեն լուծվում, եւ խորհրդարանի նախագահի ընտրությունը ոչնչի վրա չի անդրադառնում: «Խորհրդարանական խմբակցությունն իր դիրքորոշումը վաղը` մինչեւ քվեարկությունը կհայտնի»,- հավելել է Զոհրաբյանը, նշելով, որ իրենց համար անսպասելի էր ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումը, որ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի դեմ մրցակցություն է ստեղծում: