Ընտրվելու դեպքում իմ հետագա գործունեությունը ձեր ձայների հանրագումարից է կախված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ նախագահի թեկնածու կարգավիճակով իր ելույթի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Գալուստ Սահակյանը:

«Պատասխանատվությունը մեծ է, բայց ինձ համար առավել գնահատելին վստահությունն է ոչ միայն իմ անձի, այլ հետագա գործունեության նկատմամբ: խորհրդարանի նախագահ ընտրվելու դեպքում ամենակարեւորն այն դրական ավանդույթների պահպանումն ու խորացումը կլինի, որ ձեռք է բերվել խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում, մասնավորապես վերջին տարիներին այդ իմաստով կարծես թե փոխհարաբերությունների նոր մշակույթ է ձեւավորվել:

Գալուստ Սահակյանը նշել է, որ օրենսդրական աշխատանքների ընթացքը պետք է ապահովել հանձնաժողովներում։ «Ցանկացած օրենքի նախագիծ հիմնականում շրջանառվում է մեկ ամիս, նախագծերի քննարկումները պետք է սկսել դրանց շրջանառության պահից։ Մեկ ամսում հնարավոր է լիովին վերլուծել, քննարկել ցանկացած նախագիծ, այլապես շատ են դեպքերը, երբ արդեն լիագումար նիստի պահին ակտիվանում են քննարկումները, մինչդեռ հնարավոր է օրինագծերի ցանկացած առաջարկություն նախագծերի հեղինակների հետ քննարկել ավելի վաղ՝ մասնակից դարձնելով կառավարության ներկայացուցիչներին, իսկ դա ամենօրյա աշխատանք է պահանջում, ինչպես նաեւ ակտիվացնում պատգամավորների աշխատանքը»,-ասել է Գալուստ Սահակյանը:

«Բնական եմ համարում նաեւ լիագումար նիստերի ընթացքում քաղաքական բանավեճերը եւ վերլուծությունները, խորշում եմ, երբ խոսքն անձնավորվում է, անհատականացվում եւ քաղաքական տրամաբանությունն ի վերջո վիրավորում է որեւէ անձի: Ակնհայտ է, որ միշտ փորձում եմ հակադարձել եւ մեղմացնել վեճն ու բանավեճերը, թեպետ դա էլ է ցավ պատճառում ինձ: Ես մարդկանց մեջ միշտ լավն եմ տեսնում, վատ մարդիկ չկան, կան վատ հարաբերություններ, բայց այդ պայքարը մեկ հարթակում է, այդ հարթակում բոլոր քաղաքական ուժերը դերակատարներ են, եւ ինչքան էլ տարբեր սկզբունքներ ունենան քաղաքական ուժերը, հնարավոր եմ համարում ցանկացած հարց քննարկել եւ ինչ-որ չափով գտնել լուծումներ։ Այս պահին էլ պատասխանատվություն եմ զգում, բայց ինձ համար շատ կարեւոր է իմ նկատմամբ վստահությունը»,-ընդգծել է ՀՀԿ-ական թեկնածուն:

Գալուստ Սահակյանն նկատել է, որ քաղաքականությամբ զբաղվել՝ նշանակում է պայքարել ավելի լավի, լավագույն արդյունքների համար։ «Առանց քննադատության, վերլուծությունների, առաջարկությունների, երկխոսությունների՝ արդյունքներ անհնար է գրանցել, ես կողմնակից եմ դրան, առավել եւս՝ մասնակից։ Մենք բոլորս նույն նպատակի համար ենք պայքարում, ուղիներն են տարբեր, եթե գաղափարը առկա է, հնարավոր է դառնում քաղաքական ուժերի համաձայնեցում: Ինձ համար օտարոտի են հարաբերություններում խոցելի մոտեցումները, երբեմն՝ թշնամանքն ու բանսարկությունը, երբեք ինձ չեմ ուղղորդել որեւէ առավել դերակատարման, որ ընդհանրապես տարբեր տարիներին ունեցել եմ, ամեն ինչ աշխատանքի արդյունք է եղել, իսկ այժմ պատշաճորեն շնորհակալություն եմ հայտնում այն վստահության համար, որով ձեր դատին եմ հանձնում իմ առաջադրումը: Ընտրվելու դեպքում իմ հետագա գործունեությունը ձեր ձայների հանրագումարից է կախված»,-նշել է Գալուստ Սահակյանը: