Գիտությունների դոկտոր եմ, տիրապետում եմ հինգ լեզուների՝ գրել, կարդալ, արտահայտվել: Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովի նիստում ներկայացնելով իրեն` հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով ինքնաառաջադրվել էր ԱԺ նախագահի պաշտոնում:
Հրանտ Բագրատյանը նախ ներկայացրեց իր վարչապետության տարիներին կատարած աշխատանքը՝ նշելով, թե ինչ բարեփոխումներ է կատարել: Այնուհետեւ ՀՀ նախկին վարչապետը վեց կետից բաղկացած ծրագիր ներկայացրեց, որով բարեփոխումներ պիտի արվեն խորհրդարանում:
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն են Հրանտ Բագրատյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Բագրատյանի առաջարկած բարեփոխումներն են՝
1. Ազգային ժողովում պետք է լինի օրենսդիր եւ վերահսկիչ գործառույթներ: Վերջին գործառույթը պետք է տրվի ընդդիմադիր դաշտին:
2. Բյուջետային գործընթացը պետք է վերափոխվի:
3. Պետք է ընդլայնել պատգամավորների իրավունքը: Ասում են, որ պատգամավորն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք: ԱԺ կանոնակարգ օրենքը շատ խորամանկ մշակած փաստաթուղթ է, որը միշտ հաղթանակը շնորհում է զրո հաշվով մեծամասնությանը: Այստեղ երբեք հնարավոր չէ որեւէ բան անցկացնել:
4. Դատական համակարգի ռեֆորմը շատ կարեւոր է: Տարբեր ատյաններին պետք է տալ տարբեր մոտեցումներ: Կարեւորն այն է, որ բացել այլընտրանքային դատարան, օրինակ եվրոպական դատարան, որպեսզի դատարաններն իմանան, որ քաղաքացիները կարող են դիմել այլ ատյաններին:
5. ռեֆերենդումների դերը պետք է բարձրացնել, հատկապես այն հարցերին, ինչպիսին Սեւանի հարցն է: Պետք է լինի ռեֆերենդում Մաքսային միություն գնալու դեպքում: Ժողովուրդը պետք է որոշի գնալ Մաքսային միություն, թե ոչ:
6. կբարձրացնենք Ազգային ժողովի դերը հարեւան պետությունների հետ, որը մենք չենք անում: Ինքս պատրաստ եմ Ազգային ժողովի դերը բարձրացնել նաեւ արտաքին քաղաքականության մեջ:




























