Ռուսական Տյումեն քաղաքում ապրիլի 21-ին սեփական բնակարանում դանակի 40 հարվածից սպանված 26-ամյա Նունե Սարգսյանին պիցցայի առաքիչը սպանել է 3 ամսական երեխայի աչքերի առջեւ: Այս մասին NEWS.am-ին պատմեցին Նունեի հարազատները:

«Նունեն տանը փոքրիկի հետ է եղել, պիցցա է պատվիրել ու կանչել տեգոր կնոջը: Մինչեւ նա եկել է, էդ տղան սպանել է Նունեին, ընդամենը 15 րոպե է տվել»,- ասացին նրանք:

Նունե Սարգսյանը ծնունդով Վանաձորից է, սակայն արդեն ավել քան 20 տարի ընտանիքի հետ ապրում է Տյումենում: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 21-ին ժամը 15:30-ի սահմաններում:

«Նունեից ոսկի եւ փող է պահանջում, ինքն էլ կամավոր տվել է, բայց մեկ է՝ էդ անասունը սպանել է»,- ասաց հարազատներից մեկը:

Հարազատների խոսքով՝ Նունեի ամուսինը՝ Արամը շինարարական ընկերություն է ունեցել եւ բավականին հարուստ են: Չնայած դեպքից արդեն մեկ շաբաթ անցել, Նունեի հարազատները չեն հավատում, որ նա մահացել է:

«Չեք պատկերացնի՝ իրանք ինչքան երջանիկ էին, ամուսինն այնքան դրական բաներ էր պատմում կնոջ մասին, իսկ Նունեն շատ բարի, անկեղծ, դրական մարդ էր, բառեր չեմ գտնում նկարագրելու»,- ավելացրեց ազգակիցներից մեկը:

Նունեի փոքրիկներին այս պահին խնամում է հորական տատիկն ու տեգրոջ կինը:

«Երեխեքն այնընդհատ մամային են ուզում, չգիտենք՝ ինչ պատասխանենք: Մարդ էլ ուզենա պիցցա ուտել ու այս ձեւով սպանվել»,- տարակուսած ու հուզված ասում են նրանք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տյումենում սարսափելի սպանություն է կատարվել: Պիցցայի առաքիչ 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը Նունեի պատվերն առաքելիս որոշել է տիրանալ աղջկա ունեցվածքին: Կովրիգինը դանակ է հանել եւ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ եւ գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել:

Հարուցվել է քրեական գործ: