ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունն Ուկրաինայում բացառված է, եւ Ռուսաստանը դա լավ գիտի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի արեւելյան հատվածում ռուսամետ ուժեր կան, եւ եթե Ուկրաինան որպես պետություն ռազմական ուժ կիրառի ճգնաժամը հաղթահարելու համար, դա համապատասխան արձագանք կունենա Ռուսաստանում, ինչը Ուկրաինան չի ցանկանում:
«Ուստի Ուկրաինան իրականում գտնվում է ծանր վիճակում. Ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա հիմա՝ չձեռնարկելով որեւէ քայլ, թե՞ ռազմական ուժ կիրառել, ինչը կհանգեցնի Ռուսաստանի պատասխան արձագանքի: Ներկայումս իրավիճակը դեռեւս Ուկրաինայի վերահսկողության ներքո չէ»,-ասել է դեսպանը:
Ռայներ Մորելը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ճիշտ չի գնահատում իրավիճակը, եթե մտածում է հետեւյալ կերպ. «ՆԱՏՕ-ն չի մտնի Ուկրաինա, մենք կարող ենք մեր զորքերն առաջ մղել»: Այդ դեպքում քաղաքական գինը հսկայական կլինի, քանի որ դրանից հետո բոլորովին այլ քաղաքական իրավիճակ կստեղծվի, նշել է դիվանագետը:
«Ռուսաստանը պետք է հասկանա՝ Ուկրաինան ինքը պետք է լուծի իր խնդիրները՝ առանց դրսի որեւէ օգնության եւ դա հնարավոր է: Ռուսաստանի աջակցությունը կարող է լինել այն ,որ օգնի վերահսկողություն հաստատել Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ուժերի նկատմամբ: Մենք ուզում ենք Ուկրաինան տեսնել միասնական պետություն՝ լինի դաշնային կամ մեկ այլ կարգով: Դա պետք է քննարկեն ու որոշեն հենց ուկրաինացիները, ոչ թե ինչ-որ այլ ուժ»,-ասել է դեսպանը:



























