Հայաստանի համար ճիշտ կլինի դեռեւս սպասել եւ ոչ մի քայլ չանել, որպեսզի հերթական անգամ հանկարծակի չհայտնվի, մեղմ ասած, «տհաճ» իրավիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ կողմից ՆԱՏՕ-ի հետ երկխոսության դադարեցման հետ կապված Հայաստանի հնարավոր գործողություններին:

Նա կարծիք է հայտնել, որ ներկայումս Հայաստանը չպետք է  նախաձեռնողականություն դրսեւորի, այլ պետք է սպասի, քանի որ աշխարհում իրադարձությունները շատ արագ են զարգանում: «Յուրաքանչյուր քայլ՝ աջ կամ ձախ, կարող է բառացիորեն ճակատագրական լինել»,-ընդգծել է Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն դադարեցնում է ջանքերը ՆԱՏՕ-ի հետ շփումների հաստատման ուղղությամբ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: