Հայաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների փոփոխությունը միջազգային պլանում կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանն առ այն, որ կազմակերպությունը Ուկրաինայում ստեղծված իրադրության հետեւանքով դադարեցնում է ջանքերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփումներ հաստատելու ուղղությամբ եւ խոսելով այդ ենթատեքստում Հայաստանի` որպես ՀԱՊԿ անդամ հնարավոր գործողությունների մասին:
Քաղաքագետի խոսքով, Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների մակարդակի փոփոխության չի գնա: «Մինչ այժմ Հայաստանը ոչ մի հարցի շուրջ դիրքորոշում չի դրսեւորել եւ հիմա էլ չի դրսեւորի, քանի դեռ Ռուսաստանի կողմից որոշակի ճնշում չի իրականացվում: Այդ պարագայում էլ կարող է ինչ-որ լղոզված հայտարարություն լինել»,- նշել է Մանվել Սարգսյանը` հավելելով, որ քիչ հավանական է, թե Ռուսաստանը Հայաստանի եւ դաշինքի միջեւ հարաբերություններին ուղղված կոնկրետ քայլ րձեռնարկի:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Համատեղ Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Ուկրաինայում ստեղծված իրադրության հետեւանքով դադարեցվում են ջանքերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփումներ հաստատելու ուղղությամբ: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը զարգացնելու է համագործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, ինչպես նաեւ Իրանի հետ:



























