ՌԴ պաշտպանոթյան նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հետկանչի մասին: Նա այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ զրույցի ժամանակ:
«Խաղաղ բնակչության դեմ ուժային գործողությունների հեռանկարը, նշել է գեներալ Շոյգուն, ռուսական կողմին ստիպել էր հայտարարել զանգվածային զորավարժությունների մասին` Ուկրաինային սահմանակից շրջանների տարածքում: Այդ որոշումը հրապարակային էր հայտարարվել: Սակայն երբ Ուկրաինայի իշխանությունները հայտնեցին անզեն բնակչության դեմ զորքերն օգտագործելու մտադրությունից հրաժարվելու մասին, ռուսական ստորաբաժանումները վերադարձան իրենց մշտական տեղակայման վայր», — ասվում է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Շոյգուն հերքել է նաեւ Ուկրաինայի տարածքում ռուսական հետախուզական խմբերի առկայությունը, որոնք «իբր ապակայունացնում են իրավիճակը հարավարեւելյան շրջաններում»:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ երկու կողմերն էլ մտադիր են նվազեցնել լարվածությունն Ուկրաինայում: Շոյգուն առաջարկել է «երկու երկրների ԶՈՒ-ի գլխավոր շտաբերի պետերին հանձնարարել քննարկել հնարավոր լրացուցիչ միջոցները` ապագայում կողմերի գործողությունների թյուրըմբռնումը կանխելու համար»: Այդ առաջարկի պատասխան արձագանքի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:




























