Կանադան տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 9 ռուսաստանցու եւ ռուսական երկու բանկերի դեմ, հաղորդվում է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի  պաշտոնական կայքում: 

Արգելվել է այդ ռուսաստանցիների մուտքը Կանադա:

«Ուկրաինայի անօրինական շրջափակումը եւ Ռուսաստանի ռազմական ագրեսիան շարունակվում են», - պատժամիջոցների սահմանումն է հիմնավորել Կանդայի վարչապետը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կանադայի պատժամիջոցների ցուցակում այն անձինք են, «որոնք պատասխանատու են այդ ճգնաժամի համար», նրանք են` Վյաչեսլավ Վոլոդինը` Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Դմիտրի Կոզակը` ՌԴ կառավարության փոխվարչապետ, Ալեքսեյ Պուշկովը` Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ,  Ալեքսանդր Բաբակովը` ռուսական պաշտպանական արդյունաբերական համալիրի զարգացման կազմակերպման Պետդումայի  իրավական հանձնաժողովի նախագահ, Օլեգ Բելավանցեւը` Ղրիմում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ,  Եվգենի Մուրովը` Պաշտպանության դաշնային ծառայության պետ,  Վլադիմիր Ժիրինովսկին` ՌԼԴԿ-ի առաջնորդ, Արկադի Ռոտենբերգը`գործարար, Բորիս Ռոտենբերգը`  գործարար:

Այդ ցուցակից հինգ մարդ առկա էին նաեւ ԱՄՆ-ի ավելի վաղ հայտարարած պատժացուցակում։

Ռոտենբերգ եղբայրների դեմ պատժամիջոցներ ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն սահմանել էր։

Ռուսաստանյան երկու բանկերը, որոնց դեմ Կանադան պատժամիջոցներ է սահմանել, «Էքսպոբանկն» ու «Ռոսէներգոբանկն» են։