Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ներողություն է խնդրել ապրիլի 16-ին խորտակված «Սեւոլ» նավի զոհերի հարազատներից։

Ըստ նրա` կառավարությունը չէր կարողացել կանխել ողբերգությունը եւ հենց սկզբից արդյունավետ կազմակերպել փրկարարական աշխատանքները: «Ես չգիտեմ, թե ինչպես ներողություն խնդրել: Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից, շատ ծանր է, որ այդքան մարդու կյանք կորսվեց», - ասել է Պակ Կըն Հեն կառավարությանն ուղղված ելույթում, որը հեռարձակել է տեղի հեռուստատեսությունը: 

Նախագահը նաեւ հայտարարել է պաշտոնյաների շրջանում կարգապահությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին եւ առաջարկել է նոր նախարարություն ստեղծել`  անվտանգությունն ապահովելու եւ նման ողբերգությունները կանխելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Հարավային Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական էր տվել` կառավարության հասցեին լաստանավի ողբերգությունից հետո հնչած աննախադեպ քննադատության պատճառով:

476 ուղեւորներով նավը, որոնց մեծ մասը դպրոցականներ եւ ուսուցիչներ էին, Հարավային Կորեայի ափերում շրջվել եւ խորտակվել էր երկու ժամվա ընթացքում։  Վերջին տվյալներով՝ զոհվել է 193 մարդ, եւս 109-ն նախկինի պես անհետ կորած են համարվում։ Քրեական գործ է հարուցվել, մի քանի մարդ կալանավորվել են, այդ թվում՝ նավապետը։