Ուկրաինայի գլխավոր դատախազության օպերատիվ վերջին տվյալներով՝ նախկին պաշտոնյաները, Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ, միայն Ռուսաստան առնվազն 32 մլրդ դոլար են տարել։ Այս մասին բրիտանական Financial Times-ի հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին։
Ըստ նրա՝ Ուկրաինայից տարված միջոցների որոնման խնդրանքին արձագանքել են Ավստրիան, Լիխտենշտեյնը, Շվեյցարիան։ Մախնիցկին ընդգծել է, որ շվեյցարական կողմի տվյալով՝ 2012թ. վերջին շվեյցարական բանկերի հաշիվներին ուկրաինական ծագմամբ 2 մլրդ դոլար կար։ Ըստ դատախազի՝ «նշված գումարը չէր կարող ձեռք բերվել օրինական ճանապարհով կամ օրինական ճանապարհով ձեռքբերված մասն աննշան էր»։
Մախնիցկին հիշեցրել է, որ քննության ընթացքում արդեն կալանքի տակ են առնվել կասկածյալներ Վիկտոր Յանուկովիչի, Անդրեյ Կլյուեւի, Ալեքսանդր Յանուկովիչի, Նիկոլայ Պրիսյաժնյուկի անձնական գույքը եւ նրանց հաշիվները Ուկրաինայի բանկերում:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ներկայումս հաշիվները վերադարձնելու եւ ուկրաինացի նախկին պաշտոնյաներին արտահանձնելու ուղղությամբ Ուկրաինայի հետ համագործակցում են բոլոր երկրները` բացի Ռուսաստանից, որի տարածքում էլ թաքնվում են կասկածյալները, փոխանցում է ԼԻԳԱ-ն` վկայակոչելով ՈՒԳԴ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինա էր ուղարկել փորձագիտական մի խումբ, որն օգնելու է գտնել Յանուկովիչի վարչակարգի թալանած գումարի մի մասը:




























