Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին, որը ապրիլի 28-ին իր դեմ մահափորձի հետեւանքով հրազենային վնասվածք էր ստացել, տեղափոխել են Իսրայելի հիվանդանոց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Խարկովի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Սիդորենկոն:

«Ուշ երեկոյան իսրայելցի բժիշկներ ժամանեցին, զննեցին, որոշեցին, որ կարելի է տեղափոխել», — գրել է Սիդորենկոն՝ վկայակոչելով փոխքաղաքապետ Սվետլանա Գորբունով-Ռուբանին:

Կերնեսի դեմ մահափորձ էր կատարվել վազքի ընթացքում. Բելգորոդյան մայրուղով վազելիս նրա վրա կրակել էին անտառից:

Խարկովի քաղաքապետին երկու գնդակ էր դիպել, մեկը թոքերի հատվածում, մյուսը երիկամների:  ՈՒՆԻԱՆ-ը հայտնում է, որ կրակոցներն արձակվել են դիպուկահարի Դրագունով հրացանից: 

Կերնեսին վիրահատել էին, սակայն բժիշկները նախազգուշացրել էին, որ կյանքին սպառնացող վտանգը չի վերացել: Նաեւ նշել էին, որ լիակատար ապաքինման հույս գրեթե չկա: