Տեղեկություններ կորզելու նպատակով ոստիկանների կողմից Գավառի գյուղերից մեկի բնակչի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում ոստիկանները գյուղերից մեկի բնակիչ Ա. Ա.-ի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ:

Կատարվում է նախաքննություն: