Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան (1994-1997թթ.) Ռիչարդ Կոզլարիչը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքական դրության վերաբերյալ՝ կապված լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների հետապնդումների հետ:
Այս պայմաններում էլ ամերիկացի տասնյակ դիվանագետներ, կոնգրեսականներ եւ պաշտոնյաներ պատրաստվում են Վաշինգտոնում մայիսի 29-30-ին մասնակցել «Ապագայի տեսիլը» խորհրդաժողովին, որը համարվում է PR միջոցառում՝ Ադրբեջանի SOCAR նավթային ընկերության կողմից ֆինանսավորվող:
«Ես ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններով զբաղվում եմ 1992թ.-ից եւ Ադրբեջանում սրանից վատ իրավիճակ չեմ տեսել», - Turan-ի հետ զրույցում ասել է Կոզլարիչը:
Բաքվում քննադատում են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, իսկ Կոնգրեսի աշխատակիցներին մեղադրում են լրտեսության համար: Միաժամանակ իշխանությունները ֆինանսավորում են ադրբեջանա-ամերիկյան խորհրդաժողովը՝ ռազմավարական գործընկերությունը պահպանելու նպատակով, նշել է Կոզլարիչը:
Ռաուֆ Միրկադիրովի կալանքի առնչությամբ Կոզլարիչը նշել է, որ այդ հայտնի լրագրողի կալանքը եւ Թուրքիայից բռնի արտաքսումը ամբողջ աշխարհի իրավապաշտպաններին մտահոգություն է պատճառել:
Կոզլարիչի համար Ռաուֆ Միրկադիրովի կալանքը Ալիեւի ռեժիմի գործողությունների վերջին կետն է.
«Ռեժիմը ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից է վախենում, այլ՝ սեփական քաղաքացիներից... Նրանք անգամ հյուրանոցներին արգելում են իրենց տարածքում ռեժիմը քննադատող ՀԿ-ների միջոցառումներ անցկացնել: Սա եւս մեկ նշան է, որ ռեժիմին չի անհանգստացնում է դրսի արձագանքը Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերի ավելացմանը», - ընդգծել է Կոզլարիչը:
Ինչ վերաբերում է սպասվող ադրբեջանա-ամերիկյան խորհրդաժողովին, նախատեսվում է ամերիկյան վեց առանցքային սենատորների, ինչպես նաեւ պետքարտուղարի Էներգետիկ դիվանագիտության հարցերով օգնականի տեղակալի ելույթը՝ «Եվրասիական էներգետիկ միջանցքի» թեմայով:
Միաժամանակ Կոնգրեսի 20 այլ անդամներ հերթագրվել են Կոնգրեսում կայանալիք նախաճաշին մասնակցելու համար՝ Կասպիական տարածաշրջանում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերությունը քննարկելու նպատակով:
Հանդես կգան նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը եւ պաշտպանության նախարարի տեղակալ Էվելին Ֆարքաշը:
Նիստերից ոչ մեկը Ադրբեջանի քաղաքական իրավիճակին չի առնչվելու:
Վերջերս Ադրբեջանի դեսպանատունը վարձել է Մասաչուսեթս նահանգից Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բիլ Դելեհանթին՝ ռազմավարության մշակման եւ ԱՄՆ-ի կառավարության եւ օրենսդիրների հետ հարաբերությունների ուղղությամբ աշխատելու համար:




























